Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննությա՞ն են ուղարկում» հոդվածում տեղ գտած տեղեկությունը։
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննությա՞ն են ուղարկում» վերտառությամբ հոդվածում լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:
Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն, այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և բողոքները Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:
Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն անձեռնմխելիության հիմքին՝ Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ, որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում է հայտարարության մեջ: