կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 11:41
Արցախ

Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները դամբարան են վավերացրել

Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները դամբարան են վավերացրել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում պեղումներն այս տարի անցկացվել են երկու փուլով: Ապրիլ-մայիս ամիսներին Արցախի հնագիտական արշավախումբը տեղում աշխատանքներ է կատարել՝ վավերացնելու այնտեղ հայտնաբերված դամբարանի խուցը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հնագետները պեղել են այն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նոր Կարմիրավանի արշավախմբի ղեկավար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարի պեղումները հետաքրքիր արդյունքներ են գրանցել:

«Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզել ենք, որ հայտնաբերված դամբարանի խուցը արևելք-արևմուտք ուղղվածություն ուներ, իսկ թաղումը հիմնահողային էր:

Հետաքրքիր էր, որ առհասարակ մարդակերպ կոթողների տարածքում, դրանց հարևանությամբ կամ դրանց տակ վավերացվեց դամբարան: Ինչպես գիտեք, մենք երկար տարիներ հետազոտում էինք այդ մարդակերպ կոթողները, որոնք բոլորը նախկինում տեղաշարժված վիճակում էին գտնվում: Նոր Կարմիրավանի այս տարվա պեղումներով մեզ հաջողվեց առաջին անգամ կոթողների տակ դամբարան վավերացնել, ինչը շատ կարևոր հետազոտություն էր»,- նշեց Երանյանը՝ հավելելով, որ Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ:

Հնագիտական արշավախմբի ղեկավարը փաստեց, որ դամբարանի պեղումներով գտնված հնագիտական նյութը ոչ պակաս կարևոր էր:

«Դամբարանից մենք հայտնաբերել ենք մետաղից, ոսկորից, ապակուց պատրաստված տարբեր իրեր, այդ թվում՝ ուլունքներ, կոճակներ, կախիկներ: Դամբարանից պեղված ողջ նյութը թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբով, կամ ավելի կոնկրետ՝ մ.թ.ա. 8-6-րդ դարերով»,-նշեց Նժդեհ Երանյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին Նոր Կարմիրավանում մեկնարկած պեղումները կիսատ էին մնացել և լուրջ կասկածներ կային, որ տեղում նաև դամբարան ենք հայտնաբերելու:

«Եվ ահա այս տարվա պեղումներով հստակեցրեցինք, որ մեր ենթադրություններն իսկապես ճիշտ էին: Նախնական հետազոտությամբ կարող ենք ասել, որ շրջակայքում նմանատիպ այլ դամբարաններ կարող են լինել, սակայն վերջնական եզրակացության հանգելու համար հարկավոր է ֆինանսական միջոցներ ներառել, հետազոտել դամբարանի շրջակայքը, ինչը շատ հետաքրքիր տեղեկություններ է մեզ բերելու»,-ընդգծեց հնագետը՝ հավելելով, որ Նոր Կարմիրավանում հայտնաբերված դամբարանի և մարդակերպ կոթողների հետազոտությունը Տիգրանակերտի շրջակայքի ուսումնասիրության մաս է կազմում:

Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլ Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար, քանզի Արցախի քարե մարդակերպ կոթողները նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: