Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության կայքից:
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդլայնման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների շրջանակում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, և շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Առաջարկվող ծրագրերի վերաբերյալ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը սլայդների միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել գերատեսչության կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրանք վերջնական տեսքի կբերվեն:
«ԱՐԻ» ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, գոհունակություն հայտնելով Արցախի կառավարության հետ ձևավորված համագործակցությունից, նշել է, որ տարեցտարի ծրագրին մասնակցողների թիվն աճում է: Անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը՝ Վ. Գասարջյանը նշել է, որ քանի որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանելու:
Գաղափարը ողջունվել է պետնախարարի կողմից, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել շինարարական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրամադրվող գումարների տոկոսադրույքների վերանայման, նոր ներդրողների ներգրավման նպատակով պետության կողմից պարատոմսերի թողարկման, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք: