Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 2018թ. հոկտեմբերի 1-ից սկսած, 50 հազարից կդառնա 150 հազար դրամ: Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ երկրորդ երեխան: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:
Վարչապետ Փաշինյանը կատակեց այս թեմայով` դիմելով պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանին: «Ձեր աչքերում ես կարդացի, որ կողմ եք հատկապես երկրորդ տղա երեխաների ծնվելուն, և որ նրանք շուտ դառնան 18 տարեկան»,- ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը առավել կարևորում է երրորդ ու չորրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը ավելացնելու հարցը:
Փաշինյանը կրկին կատակեց. «Մի այսպիսի տեխնիկական հարց կա` առանց երկրորդ երեխայի, երրորդ ու չորրորդ չի կարող ծնվել»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե որտեղի՞ց են հատկացնելու այդ գումարները: Թանդիլյանը պատասխանեց, որ գումարը նույն` երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրից է, պարզապես այս ծրագրում խնայողություն է առաջացել, քանի որ ծնունդների թիվն է նվազել:
Առողջապահության նախարարը հավելեց, որ ծնունդների անկման միտում կա. այս տարի 3000-ով ավելի պակաս երեխա է ծնվել, նախորդ տարվա համեմատ, և այս որոշումը կխթանի ծնունդների աճը:
Որոշման հաստատումը հետաձգվեց տեխնիկական որոշ հարցերի պատճառով: Վերջում վարչապետը հավելեց. «Մեզ համար իսկապես կարևոր է ծնելիության բումը»: