կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-30 11:10
Իրավական

Ինչպես է ազատ արձակվել Վստրեչի Ապերը

Ինչպես է ազատ արձակվել Վստրեչի Ապերը

Մեկ ամիս առաջ Դուբայի իրավապահների կողմից ձերբակալված գործարար, Վստրեչի Ապեր մականվամբ հայտնի Արամ Վարդանյանն ազատության մեջ է: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Մեր տեղեկություններով, սակայն Արամ Վարդանյանը չի կարող ինքնակամ լքել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը` նախքան նրան` Հայաստանին հանձնելը:

Ավելին, պարզվում է` Արամ Վարդանյանը ցանկություն հայտնել է վերադառնալ Հայաստան, սակայն նրան թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ արտահանձնման գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի իրավասու մարմինները թույլ են տվել նրան մնալ ազատության մեջ` նախքան նրան արտահանձնելը:

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մի քր գործի շրջանակերում:

Նշենք, որ հունիսի 4-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Այս գործի շրջանակներում ներկայումս կալանքի տակ է Գարեգին Իսկանդարյանը: Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` կոչ անելով Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին դիմել ոստիկանություն:

Այս հաղորդագրությունից հետո հայտարարությամբ էին հանդես եկել Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը` կոչ անելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով: