Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են առերևույթ ապօրինի բազմաթիվ ծառահատումների դեպքեր։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ ծառահատումների իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու համար։
Քննության տվյալներով՝ ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել 2014-2017 թթ.` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղերի պահաբաժիններում։ Նախնական տվյալներով՝ ապօրինի հատվել է ընդհանուր առմամբ 9517 տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 1.597.602.520 ՀՀ դրամի վնաս:
Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության, ինչպես նաև առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի։
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկա ղեկավարներին, նույն մասնաճյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ պահաբաժինների անտառապահներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տավուշի մարզի Թեղուտ և Հաղարծին համայնքների ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: