Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն 2017 թվականի հունվարից մինչև ապրիլի 24-ը պարբերաբար, առանց հայտարարագրելու Բագրատաշենի մաքսակետով Հայաստանի Հանրապետություն են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք և դրա հետևանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են Մալաթիա գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:
Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ (50 կգ) ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց, իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան:
Այսպիսով, Հ. Ֆ.-ի, Ա. Ե.-ի, Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին և Գ. Թ.-ին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: