Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անգելա Մերկելի` Հայաստան կատարելիք այցին, և թե ինչ ակնկալիքներ կան այդ այցից:
«Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ:
1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում:
2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով՝ Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:
3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում:
4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագորումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը:
5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում, և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո, նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում:
6. Գաղտիք չէ, որ Հայաստանը Եվրոպական Միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան,մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար»: