կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 02:04
Իրավական

Քոչարյանին պատշաճ չեն ծանուցել. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առավոտյան

Քոչարյանին պատշաճ չեն ծանուցել. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առավոտյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ուշ երեկոյան մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի շահերը ներկայացնում են հայտնի փաստաբաններ Ռուբեն Սահակյանն ու Արամ Օրբելյանը: Նշենք, որ միջնորդության քննությանը չէր ներկայացել Ռոբերտ Քոչարյանը: Նրան ծանուցելու հետ կապված՝ կեսգիշերային դատական նիստը երկու ժամով ընդմիջվեց, ապա որոշում կայացվեց դատական նիստը հետաձգել մինչև վաղը՝ ժամը 11:00-ն: Ըստ Ռուբեն Սահակյանի՝ իր պաշտպանյալը պատշաճ չի ծանուցվել:

Ռուբեն Սահակյանը, նիստի ընմիջումից հետո խնդրել էր դատարանին մարդկային վերաբերմունք ցուցաբերել գոնե փաստաբանների նկատմամբ: «Ես դուրս եմ եկել ՀՔԾ-ից ժամը 18:00-ի սահմաններում, ինձ տվել են 136 էջ քրեական գործի նյութերը, հետո ստացա դատական նիստի վերաբերյալ ծանուցում: Ես ե՞րբ հասցնեմ այսքանին ծանոթանալ, որ առարկություն ներկայացնեմ դատարանին: Թող կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին, հասարակության մի մասը կուրախանա: Դատախազների կողմից ամեն ինչ արվում է, որ ներկայացնեն, որ նա խուսափում է ներկայանալ դատարան»,- «Ազատության» ուղիղ եթերով հայտարարեց փաստաբանը:

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:

«Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը և ես ինքս ինձ տապալե՞լ եմ տարօրինակ ձևով, որին մասնակցել է բանակի վերնախա՞վը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը»,-հայտարարել է նա:

Քոչարյանի փաստաբաններն այսօր դատարանի բակում հայտարարեցին, որ նախագահին շնորհված անձեռնմխելիության դրույթը խախտվել է:

Նշենք, որ ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններում հստակ ամրագրված է Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 3-րդ կետով էլ սահմանված է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Նշենք որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ է մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Որոշ իրավաբաններ կարծիք են հայտնում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն իրավական առումով խոցելի է:

Այս կապակցությամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելը, այսինքն մի հոդվածով, որը ընդունվել է 2009 թվականին,դեպքերից մեկ տարուց ավելի անց՝ քրեական իրավունքի գիտության հանդեպ ծաղր է։ Չեմ զարմանա, եթե այս ամենը սխալ խորհրդատվության հետևանք է կամ էլ հատուկ ական, դրված այս գործի տակ»։

 Նշենք, որ այս տարի լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 10-րդ տարելիցը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում սպանվել է 10 քաղաքացի: Մինչ 2018թ. հուլիս ամիսն այս գործով որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել: