կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 10:10
Հասարակություն

«Թող համաշխարհային հանրությունը մեզ ահաբեկիչներ կոչե, մեր հոգը չէ…»

«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատ ունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին» Արա Քրջլյան

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք» Սիմոնի Յահնիյան

«Ինչպէս որ կըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենք խենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանք մեր հայրենիքին» Սարգիս Աբրահամյան

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ» Վաչե Տաղլյան

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։ Սեդրակ Աճեմյան

Այսօր Լիզբոնի հինգ հայորդիների անձնազոհության 35-րդ տարելիցն է:

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

«Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ կոչէ: Մեր հոգը չէ: Այս անձնասպանութիւն չէ. ոչ ալ խելագարութեան արտայայտութիւն մը, այլ մեր զոհաբերումը ազատութեան խորանին:

Կեցցէ՛ ազատենչ հայ ժողովուրդը:

Կեցցէ՛ հայկական յեղափոխութիւնը»,- այս տողերն են եղել հինգ հերոսների վերջին խոսքերը:

Հերոս որդիք ծնած ծնողները հետագայում պիտի ասեին. 

 «Ա՜խ, որքան յուզուեցայ, երբ Սագոյին ընկերները մէկ առ մէկ ձեռքս սեղմելով կ՛ըսէին. «Տարոսը մեզի, մայրի՜կ. Մենք ալ պիտի հետեւինք մեր հերոսներու ն օրինակին»»: Սարգիս Աբրահամյանի մայրը՝ Մարի Աբրահամյան 

«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը վաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս» Արա Քրջլյան մայրը՝ Հեղինե Քրջլյան

«Հայ ֆետային երբե՛ք չէ յուսահատած. շատ նահատակներ տուած ենք և դեռ պատրաստ ենք աւելին ալ զոհելու եւզոհուելու, մինչեւ որ հասնինք մեր նպատակին: Թերեւվս ես չտեսնեմ այդ օրը, կամ դուք չտեսնէք, բայցայս է մեր փշոտ ճամբան. Մենք պէտք է որ զոհուինք, որպէսզի մեր ապագայ սերունդը ապրի » Վաչե Տաղլյանի հայրը՝ Նազար Տաղլյան

«Սեդոյին ու իր չորս ընկերներուն յիշատակը միշտ արթուն պահելու լաւագոյն ձեւը՝ անոնց հետապնդած նպատակներուն շուրջ բոլոչուիլն է, որպէսզի անոնց վառած ջահը մի՛շտ վառ մնայ եւ փոխանցուի սերունդէ սերունդ՝ մինչեւ վերջնական յաղթանակ» Սեդրակ Աճեմյանի հայրը՝ Օնիկ Աճեմյան

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը հինգ հերոսների մասին հետագայում գրում է.

     Յիշէ՛ք, հայեր, բալիկներուդ՝ 
    
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ
    
Որ քեզ ամառ պիտի տային
    
Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝ 
    
Դեռ չտեսած հողն Արարատ
    
Յիշէք, հայե՛ր, ընկողներին
    
Որ չհասած մեր հողերին
    
Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝ 
    
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց
    
Որ գեր-ձորում ընկած են դեռ՝ 
    
Հայ վրէժի յոյսով անմեռ
    
Եկ գովք անենք հայ քաջերին 
    
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի
    
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզբոն
    
Երէկ Տիզբոն, այսօր Լիզբոն
    
Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն 
    
Հինգ հայդուկին այս երգեհոն
    
Եկ, որ Վարդանն Ա ւարայրի 
    
Անէծք դառնայ թուրքին վայրի
    
Յիշէք, հայե՛ր, որ վայր ընկան 
    
Անվերադարձ մահով, սակայն
    
Սարգիս Սեդրակ, Արա Սիմոն
    
Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն
    
Մեզ կը կանչեն ու գան պիտի 
    
Ի սէր, գերուած Արարատի
    
Ի սէր հայոց մայր հողերուն՝ 
    
Ընդդէմ հողաց թուրք գողերուն
    
Որ Հայաստանն իմ խլեցին
    
Մեզ վրէժը լոկ թողեցին
    
Երէկ Տիզբոն
    
Այսօր Լիզբոն
    
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն
    
Չենք մոռանում Եղեռնը մեծ
    
Որ հայ արեան ծովը խմեց
    
Քարը թողեց վերապրողին
    
Թուրքն է ապրում, այն էր՝ հողին
    
Խամրեց արեւն ողջ հայութեան
    
Յիշե՛նք, հայեր Եղեռն համայն
    
Որ մեր ազգի ծուծը խմեց
    
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:     

Տղաների աճյուններն ամփոփված են Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը:

Այսօր` ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը կազմակերպում է միջոցառում` նվիրված «Լիզբոնի 5»-ին: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն հերոսների կյանքին առնչվող փաստաթղթեր, նկարներ և հրապարակումներ: Միջոցառման ընթացքում հնարավորություն կտրվի «Կենդանի գրադարան»-ի աշխատակիցներին հարցեր ուղղել Լիզբոնի գործողության կամ Զինյալ պայքարի վերաբերյալ: 

Ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգիսյանի համերգը, որի ընթացքում նույնպես խոսք կհնչի Լիզբոնում նահատակված հերոսների մասին: