կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 14:26
Քաղաքական

Երեւանի քաղաքապետի թեկնածուների անունները մամուլում արդեն շրջանառվել են. Փաշինյան

Երեւանի քաղաքապետի թեկնածուների անունները մամուլում արդեն շրջանառվել են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հերքեց մամուլում հայտնված այն լուրերը, թե ինքն է հորդորել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հրաժարական տալ: «Ես Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել»,- ասաց նա:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուին` վարչապետն ասաց, որ ՔՊ-ում թեկնածուների անուններ քննարկվում են: «Մամուլում անուններ շրջանառվում են, զարմանում եմ, որ ասում եք` թեկնածու չունենք»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ մամուլում, որպես ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու, նշվում է Հայկ Մարությանի անունը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին` վարչապետն  ասաց, որ մարդկանց էյֆորիան չի անցնի, եթե ընտրություններն ավելի ուշ լինեն: «Ես հավաստիացնում եմ, որ ինչքան ժամանակը գնա, այնքան էյֆորիան մեծանալու է: Ժամկետ ասել ենք` մեկ տարվա ընթացքում, բայց դա կախված է նաև քաղաքական իրավիճակից, որովհետև հնարավոր է, որ դրա անհրաժեշտությունը մեկ ամսից առաջանա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների (ՍԱՍ-ի Արտակ և այլն) շուրջ աղմկոտ բացահայտումներին, ապա Փաշինյանն ասաց, որ տեսական ընտրակեղծարարները պետք է տեսականորեն պատժվեն, բայց դրա համար պետք են փաստեր: «Եթե մենք հիմա առանց փաստերի, մամուլի գրածի հիման վրա մարդ դատենք, կասեք` մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում: Քրեական պատասխանատվության համար պետք է լինեն հիմքեր»,- ասաց նա և կոչ արեց բոլոր քաղաքացիներին` համագործակցել իրավապահ համակարգի հետ:

«ՀՀ-ում, առանց բավարար ապացույցների, որևէ մեկը չի դատվելու, նույնիսկ եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում շատ կոնկրետ քաղաքական հայատարարություն է արել, որ` այ էսինչը հանցագործ է, նա դրա հիման վրա չի դատվելու, որովհետև դա քաղաքական հայտարարություն է եղել: Մեր խնդիրը ոչ թե մարդկանց դատելն է, այլ ՀՀ-ում օրինականություն հաստատելը: Եթե ես հիմա ասեմ` էսինչ էսինչյանը պետք է դատվի, ո՞նց կվերաբերվեք դրան»,- եզրափակեց նա: