կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 00:09
Հասարակություն

Սկաուտությունն իմ կենսակերպն է. Ռոմանոս Պետրոսյան

Սկաուտությունն իմ կենսակերպն է. Ռոմանոս Պետրոսյան

«Սկաուտությունն իմ կենսակերպն է, ես կայացել եմ սկաուտական շարքերում»,-այսօր համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակման բացման արարողության ժամանակ մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, Հ․Մ․Ը․Մ- ՀԱՍԿ-ի՝ Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման Աբովյանի մասնաճյուղի վարչության ատենապետ Ռոմանոս Պետրոսյանը։

Yerkir.am-ի հետ զրույցում Հ․Մ․Ը․Մ-ական մարզպետն անկեղծացավ՝ աշխատանքի բերումով այլևս շատ ժամանակ չի կարողանում տրամադրել սկաուտությանը։

«Սակայն, ինչպես նշեցի, սկաուտությունն իմ ապրելակերպն է: 1997 թվականից ի վեր՝ շուրջ 21 տարի, անցել եմ հայկական սկաուտության բոլոր աստիճաններով՝ մինչև բարձրագույնը՝ Արարատյան կարգ։ Պատիվ ունեմ նշելու, որ Արարատյան կարգ ստացած առաջին ինը սկաուտներից մեկն եմ ես»,-նշեց Պետրոսյանը։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա նշեց, որ այս օրը կրկնակի տոն է, և հատկանշական է նրանով, որ, ինչպես մյուս 30.000 Հ․Մ․Ը․Մ․-ականների, իր համար նույն այս օրը շատ սպասված է եղել։

«Իհարկե, ափսոսում եմ, որ աշխատանքի բերումով չեմ կարող որպես սկաուտ խմբապետ մասնակցել այս բանակմանը»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ հանգստյան օրերին կարող է կրկին այցելել սկաուտներին, որոնց հետ երկար տարիների ճանապարհ է անցել։

Պետրոսյանը նաև պատգամ հղեց ՀՀ երիտասարդներին և պատանիներին՝ կոչ անելով, որ սկաուտական շարժման շարքերում գտնեն իրենց ինքնադրսևորման հնարավորությունը, ինչպես նաև ազգայնական ոգին, որն ամբողջ կյանքի ընթացքում իրենց ուղղորդելու է։

«Հայ սկաուտության նշանաբանը «բարձրացիր, բարձրացուր» է․ այդ նշանաբանով եմ ես ամբողջ կյանքս առաջնորդվել։ Սկաուտական կյանքի ընթացքում ես գտել եմ իմ «ես»-ը, այդ տարիներին է ձևավորվել իմ աշխարհայացքը։ Մինչ օրս ես ինձ համարում եմ Հ․Մ․Ը․Մ․-ի սկաուտ, և այդ միության գաղափարներն ու արժեքները կրող երիտասարդ»,-նշեց մարզպետը, ապա կոչ ուղղեց սփյուռքահայ եղբայրներին՝ խթանել հայրենադարձությանը։

«Ես կցանկանայի, որ օր առաջ յուրաքանչյուր Հ․Մ․Ը․Մ․-ական վերադառնար Հայաստան, ապրեր և զարգացներ մեր հայրենիքը»,-ասաց Պետրոսյանը։