կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-09 17:24
Տարածաշրջան

Ալիևը չի մասնակցի Էրդողանի երդման արարողությանը

Ալիևը չի մասնակցի Էրդողանի երդման արարողությանը

Այսօր` հուլիսի 9-ին, Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրներն հայտնում են, որ արարողության մասնակցելու է 22 պետության ղեկավար, իսկ 28 երկիր ներկայացված է լինելու վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով։

Ուշագրավ է, որ Թուրքիայի եղբայրական պետության` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու արարողությանը, Ադրբեջանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով: Ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ` վարչապետ Նովրուզ Մամեդովի ղեկավարած պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա, իսկ նախագահ Ալիևը մնացել է Բաքվում և հանդիպում է անցկացրել շվեյցարացի գործարարների հետ` քննարկելով գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները:

Ադրբեջանի նախագահի` «եղբայր» Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը չմասնակցելու պատճառները հայտնի չեն:

Նշենք, որ վերոնշյալ արարողությանը կմասնակցեն Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Կոսովոյի, Քաթարի, Պակիստանի, Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության, Ղրղզստանի, Սուդանի, Գվինեայի, Զամբիայի, Հասարակածային Գվինեայի, Գվինեա Բիսաուի, Սոմալիի, Մավրիտանիայի, Գաբոնի, Չադի, Ջիբութիի և Վենեսուելայի նախագահները։ 

Էրդողանը նախագահական պալատ մուտք կգործի հեծելազորի ուղեկցությամբ, նույն ժամանակ 101 հրանոթային համազարկ կտրվի։  

Էրդողանը նախագահ է ընտրվել՝ հաղթելով ս.թ. հունիսի 24-ին անցկացված ընտրություններում և ստանալով ընտրողների 52,6% ( 26 մլն 330 հազար 823 ) ձայները: