Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:
Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման և կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը:
Նախարարը կարևորել է նաև ոլորտի տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ բացի ավանդական բելառուսական գյուղտեխնիկայից, հայ ֆերմերներին կարող են հետաքրքրել նաև տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված այլ ժամանակակից սարքավորումներ` դեսպան Իգոր Նազարուկը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց մատակարարման հարցում:
Առանձին անդրադարձ է կատարվել հնարավոր փոխգործակցությանը գյուղտեխնիկայի համատեղ հավաքման, ինչպես նաև բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ, որում կմատուցվեն նաև տեխնիկական սպասարկման ծառայություններ:
Դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է նաև ընդլայնել հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները դեպի բելառուսական շուկա` միաժամանակ ընդգծելով, որ բարձրորակ հայկական գյուղմթերքն այնտեղ մեծ պահանջարկ ունի:
Հայ-բելառուսական համագործակցությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով զրուցակիցները պայմանավորվել են կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպում` գյուղոլորտում երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները նախանշելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին