Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ:
Երեկ ԱԺ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից:
Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին:
«Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները՝ ասելով, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել:
Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջեւ կրկին անհամաձայնություններ են եղել այս անգամ՝ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լինի:
Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:
Էդմոն Մարուքյանը նույնիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: