կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 19:32
Իրավական

Քաջարանում վիճաբանության ժամանակ անչափահասի են դանակահարել

Քաջարանում վիճաբանության ժամանակ անչափահասի են դանակահարել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018թ. մայիսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում,  կտրած-ծակած վնասվածքով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Քաջարանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ.: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նրա մոտ ախտորոշվել են «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստոծանու վնասվածքով, փայծաղի վնասվածքով, փայծաղի վնասում, ենթաստամոքսային գեղձի պոչի վնասում, պլևրալ և ներորովայնային արյունահոսություն» վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, անչափահասը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անչափահասը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է դեպքի օրը Քաջարան քաղաքի փողոցներից մեկում անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ նույն քաղաքի մեկ այլ անչափահաս բնակչի (ծնված 2001թ.) կողմից։

2001թ. ծնված պատանին ներգրավվել է որպես կասկածյալ, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողին հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: