կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-28 09:54
Հասարակություն

Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասեր

Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` ծնողների ճանապարհումն այս անգամ կազմակերպվել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող և 2013 թվականից արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: 

«Արդեն տասներորդ անգամն է, որ կազմակերպում ենք երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերը սահմանամերձ զորամասեր, ինչն իսկապես սպասված ծրագիր է դարձել բոլորի կողմից: Եվ հաշվի առնելով, որ 2018 թվականը Երևանի համար հոբելյանական տարի է, որոշեցինք այս անգամ ծնողների ճանապարհումը կազմակերպել 2800-ամյա Երևանի պատմությունը խորհրդանշող «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի հարակից տարածքից: Կարծում եմ, սա նաև հոբելյանական տարվա լավ մեկնարկ է, քանի որ դժվար է պատկերացնել ավելի մեծ ուրախություն, քան զինվոր զավակին հանդիպող ծնողի ոգևորությունն ու հպարտությունն է, ինչը նաև մեզ է ոգևորում: Ի դեպ, նշեմ, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ավանդական այս ծրագրի շրջանակում 2013 թվականից մինչ օրս ավելի քան 10000 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու զինծառայող որդիներին և տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Այս անգամ զորամասեր կայցելի շուրջ 1700 ծնող: Մեկ անգամ ևս ուզում եմ վստահեցնել, որ մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին և Ստեփանակերտի քաղաքապետին՝ ծրագիրը լիարժեքորեն կյանքի կոչելու գործում ցուցաբերվող մշտական աջակցության համար: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մշտապես մեծ պատրաստակամությամբ են մասնակցում այս ծրագրին՝ ապահովելով զինծառայողների ծնողների անվտանգ ուղեկցումը դեպի զորամասեր: 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում: 

«Երևանի քաղաքապետարանն ապրիլ և հոկտեմբեր ամիսներին պարբերաբար կազմակերպում է այս ծրագիրը՝ հնարավորություն տալով երևանաբնակ զինծառայողների ծնողներին տեսակցելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ էստաֆետն արդեն ընդունել են նաև ՀՀ մարզերի մյուս քաղաքները: Ես իսկապես շնորհակալ եմ մեր բոլոր համայնքների ղեկավարներին այդ հոգատարության համար, որովհետև այս վերաբերմունքն առաջին հերթին շատ կարևոր է հենց բանակի ու զինվորի համար: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեր զինծառայողներին ևս մեկ անգամ զգալու իրենց ընտանիքի ջերմությունը: Մեր կողմից անցկացված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ մեծ է թիվը այն զինծառայողների, ում ընտանիքի անդամները ծառայության ընթացքում հանդիպում են միայն արձակուրդի ժամանակ և ակնհայտորեն դա կազմակերպչական և տարբեր խնդիրների հետ է կապված, ուստի, սա իսկապես շատ կարևոր ծրագիր է ու նմանատիպ նախաձեռնություններն իսկապես օգնում են ուժեղացնել կապը հասարակության ու բանակի հետ»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին: