Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք՝ որպես ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժ, ներկայացնելու ենք նաև մեր մոտեցումները, մեր տեսլականը, բայց մենք Նիկոլ Փաշինյանի հետ ունենք նաև համընդհանուր մոտեցում համազգային շարժման վերաբերյալ: Այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հեռանա: «Իշխանությունը նրանց պապական սեփականությունը չէ: Ի վերջո, պետք է արժանապատվություն ունենան՝ տեսնելով համազգային ընդվզումը, առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների, ինչը հիմա փորձում է անել իշխող կուսակցությունը՝ իշխանությունը ձգելու համար, թողնել և հեռանալ»,- ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե նա նույնպե՞ս կարծում է, որ ժողովրդի առաջարկած մարդը պետք է լինի վարչապետ և ժամանակավոր կառավարություն ձևավորվել, այսինքն՝ Փաշինյանի բոլոր պահանջներն իր համար ընդունելի՞ են, պատգամավորը պատասխանեց, որ ժողովրդի ձայնն ու որոշումը պետք է հարգել: «Հասկանալի է, որ ընտրությունը կատարվելու է խորհրդարանում, այսինքն՝ իրավունքի ուժով կանենք ընտրություն: Որքան Հանրապետական կուսակցությունը շուտ հասկանա, որ ավելորդ համառելը, ավելորդ ժամանակ ձգելը աշխատելու է ժողովրդի և իրենց դեմ, այնքան ավելի խաղաղ կլինի հանգուցալուծումը: Այս շարժումը մեկ բանի մասին է վկայում՝ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող դուրս գալ, որևէ մեկը երբևէ հաղթանակ չի տարել: Գուցե եղել են կարճաժամկետ հաղթանակներ, բայց, մեծ առումով, ժողովրդի դեմ ցանկացած քայլ ի սկզբանե տապալված է»,- ասաց նա:
«Եթե ժողովուրդը Փաշինյանի թեկնածությունն առաջ քաշի, Դուք կպաշտպանե՞ք» հարցին էլ Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք կքննարկեն միասնական թեկնածու ունենալու հարցը: «Ինձ համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը և չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ իշխանության հետ բանակցությունների պետք է նստեն միայն իրենց օրակարգով՝ իշխանությունն անցնցում հանձնելու:
Մեկ այլ հարցի` այնուհանդերձ, մեկ շաբաթ առաջ կուսակցությունում տեղի ունեցավ երկփեղկում և խմբակցության անդամների միայն 1/3-ը դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելուն, Զոհրաբյանը պատասխանեց` այո, դուք իրավունք ունեք այդ հարցը մեզ տալու: «Այո, ես և մի քանի իմ ընկերներ դեմ ենք քվեարկել, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ գործընկերները չպետք է կողմ քվեարկեին: Ես իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրելու, քանի որ կայացվել էր ազատ քվեարկելու որոշում, բայց իմ խիղճը թելադրել է դեմ քվեարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ուներ ինչ-որ մոտիվացիա՝ ինձ համար անհասկանալի և անընդունելի մոտիվացիա»,- ասաց նա: