կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-19 11:23
Քաղաքական

Ցուցարարները «Փեթակ» են հասել. Փաշինյանը կոչ արեց փակել մուտքերը

Ցուցարարները «Փեթակ» են հասել. Փաշինյանը կոչ արեց փակել մուտքերը

Ցուցարարներն այս պահին երթով հասել են «Փեթակ» առևտրի կենտրոն: Այնտեղ լարված իրավիճակ է: Կարմիր բերետավորները փակել էին առևտրի կենտրոնի մուտքը: Նիկոլ Փաշինյանն անցավ ցանկապետի վրայով, ինչից հետո իրավիճակն ավելի լարվեց:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարների գործողություններն անօրինական են, ինչից հետո Փաշինյանն ասաց, որ պետք է առևտուր անի: Նա կոչ արեց փակել առևտրի կենտրոնի մուտքերը: «Փեթակը» 4-5 մուտք ունի, փակել դրանք»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ եթե հիմա լրացուցիչ ոստիկանական ուժեր բերվեն «Փեթակ», ապա ինքը կոչ է անում փակել Երևանի փողոցները, նախարարությունները, հնարավորության դեպքում` ներխուժել նախարարություններ:

Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն այն է, որ 15 րոպե մտնեն առևտրի կենտրոն, ողջունեն ներսում եղածներին ու դուրս գան:

Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մտան առևտրի կենտրոն, ընդ որում` Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել հեռախոսը տանել ներս:

Քիչ առաջ Փաշինյանն ու Միքայելյանը դուրս եկան առևտրի կենտրոնից: Փաշինյանը հայտարարեց, որ այժմ շարունակում են իրենց երթը: