|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում է։ Համաձայն փոփոխության Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը կշարունակվի հաջորդող երեք տարվա ընթացքում։ Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ, որոնք կհագեցվեն բժշկական սարքավորումներով ու կահույքով:
Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հետ Լևոն Ալթունյանը քննարկել է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՀ ԱՆ «Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարի վերահսկողության ներքո, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի և կլինիկական ուղեցույցների ու գործելակարգերի ներդրմանը վերաբերող հարցերը` դիտարկելով Համաշխարհային բանկի կողմից հնարավոր աջակցության տարբերակները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ ԱԾԻԳ տնօրեն Արայիկ Բաղրյանը և ՀՀ ԱՆ աշխակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը:
Առողջապահության նախարարություն