կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 13:15
Քաղաքական

ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով. Արսեն Համբարձումյան

ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ընտրած Գերագույն Մարմնի անդամներից Արսեն Համբարձումյանը, Արթուր Եղիազարյանը, Արթուր Ղազարյանը և Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նվիրելով Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը:

ՀՅԴ նորընտիր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ օրերս գումարվել է Գերագույն ժողովը, որին մասնակցել են ավելի քանի 100 պատգամավոր, ինչպես նաև հրավիրյալներ Իրանի, Կանադայի և  ՀՅԴ այլ կառույցներից:

«Գերագույն ժողովը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, առկա մարտահրավերները, քաղաքական մարտահրավերները, անդրադարձել կուսակցության գործունեությանը, և ընդունվել են համապատասխան բանաձևեր»,- տեղեկացրեց նա:

Համբարձումյանի խոսքով` այդ բանաձևերն ուղենիշ են լինելու ԳՄ-ի առաջիկա գործունեության համար: «Գերագույն ժողովը վերահաստատել է կուսակցության որդեգրած ուղեգիծը` իրականացնել ակտիվ քաղաքականություն սոցիալական ոլորտում, մասնավորապես` աշխատատեղերի բացում, ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքներ, պետություն-հասարակություն վստահության քայլերի կատարում և այլ կարևոր խնդիրներ»,- ասաց նա:

Անդրադառնալով նորընտիր ԳՄ-ի կազմին` Համբարձումյանը նշեց, որ այն ընտրվում է երկամյա ժամանակահատվածով: «Նոր ԳՄ-ն բաղկացած է 9 հոգուց, որոնցից 6-ը նոր անդամներ են, ովքեր տարբեր ժամանակահատվածներում ակտիվ դերակատարում են ունեցել կուսակցության մեջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԳՄ կազմի լուրջ փոփոխությանը, Համբարձումյանը նշեց, որ դրանք պայմանավորված են մի շարք հանգամանքներով: «Դաշնակցական նախարարներն ու պատգամավորները, ովքեր ԳՄ անդամներ էին, բազմազբաղ են: Գերագույն ժողովը կարևորել է կազմակերպչական հարցերի կազմավորումը. թե' նախարարները, թե' խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնված են լինում, հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարելու: Որոշել ենք, որ այս ժամանակահատվածում աշխատանքների վերակազմակերպման համար ավելի նպատակահարմար կլինի այս կազմը: Այսինքն` այսպես ավելի արդյունավետ կլինի ԳՄ-ի աշխատանքը: Միևնույն ժամանակ չենք կաշկանդի մեր ընկերներին պաշտոնեական պարտականությունների կատարմամբ»,- ասաց նա:

Ըստ Համբարձումյանի` ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով, ինչը հույս է տալիս, որ առաջիկա երկու տարում բոլոր առաջադրանքները կկարողանան պատվով կատարել: «ԳՄ անդամներից 6-ը Դաշնակցության ուսանողական միության նախկին անդամներ են, այսինքն` նոր սերնդի ներկայացուցիչներ: Թարմացրել ենք սաղարթը, ինչն օգտակար է ծառի աճի համար: Ծառի արմատները շատ ամուր են, բունը` հաստատուն»,- եզրափակեց նա: