Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:
Իր խոսքում Նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:
«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին:
Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը: Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում կարեւորում են ամերիկացիների սատարումն Արցախին, եւ այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, մեր բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:
Նախագահն արժեւորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա եւ կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Նախագահն Արցախի Հանրապետության պետական պարգեւներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների եւ սենատորների՝ Արցախին սատարելու եւ Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար: