Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին հավանություն տալու մասին որոշմանը հավանություն տալու մասին հարցը: Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները:
Ըստ հիմնավորման, նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման ծրագրերում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար:
ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքներն սկսվել և դադարեցվել են 1988-1993 թվականներին:
Շինարարական աշխատանքների դադարեցումից հետո 1990-ական թվականներին կիսակառույց օբյեկտները սահմանված կարգով չեն ենթարկվել կոնսերվացման և արտաքին միջավայրի, մթնոլորտային տեղումների երկարատև ազդեցության հետևանքով օբյեկտների կոնստրուկտիվ տարրերը կորցրել են նախագծային ամրությունն ու հուսալիությունը:
Մի շարք կիսաքանդ վթարային կիսակառույցների առկայությունը համայնքներում առաջացնում է քաղաքաշինական, բնապահպանական, հակասանիտարական խնդիրներ:
Նշված պայմաններում կիսակառույց օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու, օգտագործման կամ քանդման խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:
Քաղաքային և գյուղական համայնքներում կիսակառույցները զգալի տարածքներ զբաղեցնելով` փաստացի առաջ են բերում կառուցապատման համար պիտանի տարածքների ոչ նպատակային օգտագործման խնդիրներ:
Կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտման կամ վթարայնության աստիճանը հաշվի առնելով՝ քանդման և տարածքի բարեկագման, համայնքներում կառուցապատման նոր տարածքների օգտագործման հարցերը որևէ ֆինանսական ծրագրում չեն ներկայացվել և երկար տարիներ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվել:
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1024-Ն որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանրապետության մարզերում առկա թվով 230 կիսակառույցի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների գնման համար հատկացվել էր 12.0 միլիոն դրամ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 7-ին կնքվել է կիսակառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրության աշխատանքների իրականացման ՔՆԲԸ ԱՀԾՁԲ-15/25 պետական պայմանագիրը: Համաձայն պայմանագրի սահմանված կարգով նախարարություն է ներկայացվել 230 կիսակառույցների հետազննության եզրակացությունները:
Ծրագրի մշակման ընթացքում թվով 11 կիսակառույցներ սեփականաշնորհվել են այդ թվում` Արարատի մարզում 2, Գեղարքունիքի մարզում 2, Լոռու մարզում 1, Շիրակի մարզում 1, Սյունիքի մարզում 1, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում գտնվող 4:
Թվով 8 կիսակառույցների հետազննության եզրակացություններով արձանագրվել է, որ առկա փոսորակները հողալցվել են: Արդյունքում ծրագրով մշակվել է առաջարկություններ թվով 206 կիսակառույցների վերաբերյալ: