կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 14:15
Հասարակություն

Կարմրուկի դեպք՝ Երևանում. տարածաշրջանում հիվանդությունը դեռ «ծաղկում» է

Կարմրուկի դեպք՝ Երևանում. տարածաշրջանում հիվանդությունը դեռ «ծաղկում» է

2017-ի վերջին ամիսներին և ընթացիկ տարվա սկզբներին Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում կարմրուկի հիվանդացության աճ էր նկատվում: Անգամ մի շարք դպրոցներ Ուկրաինայում ժամանակավորապես դադարեցրել են դասերը՝ վարակի տարածվածությունը կանխելու համար: Հայաստանում, բարեբախտաբար, նման միտում չի նկատվում, սակայն օրերս Հայաստանում կարմրուկով հիվանդացության մեկ դեպք է գրանցվել:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վարակվածը 42-ամյա տղամարդ է: «Տղամարդը վարակվել էր Ռուսաստանից ժամանած իր հյուրերի հետ շփման հետևանքով: Մեծ միջոցառում էր կազմակերպված եղել, և միայն այդ տղամարդն է վարակվել, քանի որ պատվաստված չի եղել: Հսկողություն, ստուգումներ ենք իրականացրել նաև նրանց հետ, ովքեր շփվել են վարակված տղամարդու հետ, սակայն ոչ մեկի մոտ դեռ հիվանդացության դեպք չի գրանցվել»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է կարմրուկով վարակված տղամարդուն, ապա, ըստ նրա, նա արդեն իսկ ապաքինվում է: «Բուժումը մի փոքր երկար տևեց` գրեթե մեկ ամիս: Սակայն, բարեբախտաբար, հիվանդության հետևանքով որևէ բարդություն չի առաջացել»,- հայտնեց Սահակյանը:

Ըստ նրա` Հայաստանում կարմրուկի լայն տարածման այդքան մեծ վտանգ չկա, քանի որ պատվաստումներում ընդգրկվածությունը բարձր է՝ 97-98 տոկոս: