| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ-ում կազմակերպվել են լսումներ` նվիրված Սումգայիթյան ջարդերին և Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականությանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ թեև Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ողջ իրողությունն այս 30 տարիների ընթացքում հայտնի է, ի հայտ են գալիս նոր փաստեր, ու թեև հայկական իշխանությունները հետամուտ են եղել հարցի լիարժեք արծարծմանը, սակայն այս տարիների ընթացքում միջազգային հանրության շրջանում փոխվել են քաղաքական դերակատարներ, տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, և տեղի ունեցած էթնիկ զտումները, բռնությունները մատնվել են մոռացության ու պատշաճ կերպով չեն ներկայացվել մեր խորհրդարանական դիվանագիտության կողմից:
«Այս լսումները նպատակ ունեն ևս մեկ անգամ միջազգային հանրությանը հիշեցնել այն ողբերգությունները, որ տեղի են ունեցել Արցախյան շարժման ծագման պահից առ այսօր: Եվրոպական խորհրդարանը այս տարիների ընթացքում 10 հատուկ բանաձև է ընդունել Արցախյան հիմնախնդրի հետ կապված: Դեռևս 30 տարի առաջ եվրոպական քաղաքական մարմինը կոչ է արել տեր կանգնել սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայերի կյանքին»,- ասաց Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ խորհրդարանը նախաձեռնել է նաև Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարության քննարկում: «Հայտարարության տեքստին միացել են ԱԺ 4 խմբակցությունները: Հայտարարությունն ամփոփում է հայատյաց քաղաքականության դրսևորումները և գնահատականներ տալիս նրանց վարած հակահայ քաղաքականությանը»,- հայտնեց պատգամավորը:
Ամփոփելով խոսքը` Աշոտյանն ասաց, որ պատմությունը վերադառնալու, թարմանալու սովորություն ունի, և հիշեցրեց բոլորովին վերջերս Ալիևի արած հայտարարությունները, որոնք վկայում են, որ սա միայն պատմություն չէ, այլ իրականություն է: