Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ հայտարարությունը հրատապ է:
«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել: Սա նմանատիպ որերորդ դեպքն է: Անկեղծ ասած` հարցը հետևյալն է` ՀՀԿ-ականները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել, այս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա, և եթե մտածում եք, որ այդ սադրանքներով, կամ մեր քաղաքակիրթ դեմքին կամ փողկապներին եք խաբնվել, ուրեմն իմացեք` ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այս ամենը կապված է երկու օր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած զարգացումների ու մեկնաբանությունների հետ: Ըստ Փաշինյանի՝ Ալեն Սիմոնյանը որոշակի մեկնաբանություններով է հանդես եկել:
«Եվ այս կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցազրույցներից մեկում ասում է, որ Երևանի քաղաքապետարանը, ավագանին ախոռագոմ չէ: Պարո'ն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել ձեր այդ ձևակերպման հետ, որովհետև ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա, և զարմանալի զուգադիպությամբ այդ ախոռագոմերը զբաղեցնում են ՀՀԿ ներկայացուցիչները: Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է քաղաքացուն և չի ներկայանում իր անուն-ազգանունով, չի ասում` բարև ձեզ, Առաքել Մովսիսյանն է, զանգում ասում է` Շմայսն է զանգում, այս ամենը մտածելու առիթ է տալիս, որ ախոռագոմեր կան նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2 փողոցում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա հայտարարության ընթացքում ՀՀԿ շարքերից աղմուկ էր գալիս: Փաշինյանն էլ ասաց, որ եթե ՀՀԿ-ականները լավ չլսեցին, կարող են ձայնագրությունը մեկ անգամ ևս լսել: