Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելությունը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստին փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը:
«Եթե Դուք Աֆրինից դրանց չհանեք, ապա «Եփրատի վահան» գործողության նման ևս մի օպերացիա կիրականացնենք: Իսկ եթե նրանք դուրս չգան Մանբիչից, մենք կմտնենք այնտեղ և կշարժվենք մինչև Եփրատ գետի արևելք: Թիրախավորելու ենք բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը: Նույնիսկ` ամերիկացիներին»,- ասել է Բոզդաղը:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի զինուժին պատկանող տանկի խոցման դեպքի վերաբերյալ: Բոզդաղի խոսքերով՝ ուսումնասիրվում է մասնավորապես, թե որ երկրին է պատկանում այն զենքը, որով խոցվել է թուրքական տանկը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր: