կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-30 12:53
Արցախ

Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և սուրբ ծննդյան տոների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով:

2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ներդրված ջանքերի տեսանկյունից: Նոր Սահմանադրության ընդունմամբ վերահաստատեցինք ժողովրդավարական երկիր զարգացնելու և հայրենիքի անվտանգության համակարգը կատարելագործելու մեր վստահ դիրքորոշումը: Որպես սահմանադրական գործընթացների շարունակություն՝ մեկնարկեցինք երկրի ներքին օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործը: Ազգային ժողովում հյուրընկալեցինք մի շարք միջազգային պատվիրակությունների` հիմք դնելով խորհրդարանական համագործակցության նոր ուղղությունների և ուրվագծելով գալիք տարվա անելիքների ծրագիրը:

Անցնող տարին մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվեց նաև Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման քառորդդարյա հոբելյանով, ինչը հրաշալի առիթ էր՝ վերստին արժևորելու մեր հերոսական բանակի անցած ճանապարհը և ընդգծելու հայրենիքի պաշտպանի սուրբ դերակատարությունը:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Գալիք 2018 թվականին` արցախյան ազգային ազատագրական պայքարի երեսնամյա տարեդարձին, անկախ մեր համոզմունքներից, մեր միասնությունն ավելի ամուր պիտի լինի, ձեռքբերումները՝ ապագային ուղղված, հաղթանակները՝ շարունակական:

Մաղթում եմ բոլորիս առողջություն, բարօրություն և անկոտրում կամք՝ հանուն Արցախի, մայր հայրենիքի և համայն հայության հավաքական ուժի զորացման:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: