|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Շարունակվում է Վահրամ Բաղդասարյանի գլխավորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում:
Տնտեսական համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծվող տնտեսական ազատ գոտու աշխատանքներին, հնարավորություններին ու գործունեության հետագա կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառությանն ինչպես հայկական եւ իրանական, այնպես էլ կողմերի միջնորդությամբ ու աջակցությամբ այլ շուկաներում:
Էներգետիկայի ոլորտում քննարկվել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ինչին պետք է հաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ՝ դրանցում ներգրավելով երկու երկրների գործադիր իշխանությունների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսվել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնությամբ հանդես կգան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:
ԻԻՀ Մեջլիսի ներկայացուցիչները հավաստել են, որ իրանական օրենսդրությունը լիբերալ է, ինչը լայն հնարավորություն է տալիս խորացնելու արդյունավետ համագործակցությունը քննարկված ոլորտներում: Վերահաստատվել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել բոլոր ոլորտներում:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը: