Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։ Ավագանին այսօր հաստատեց Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագիծը։ Ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին, անգամ` «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները։
«Օֆելյանի Համբարձումյանի հուշատախտակի տեղադրումն ունի մշակութային նշանակություն. այդ հուշատախտակի առջև գեթ մեկ րոպե կանգնելով` մարդիկ կսթափվեն այսօր հնչող կլկլոցներից»,- ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ խմբակցությունը կողմ է հուշատախտակի տեղադրմանը, բայց դրանից հետո պետք է ուշադիր լինել, որ տարածքը մաքուր լինի:
Ելույթով հանդես եկավ նաև նույն խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը։ Նա նշեց, որ խմբակցության համար անհասկանալի է` ինչու է Երևանում տեղադրվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցատախտակը։ «Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ, յուրաքանչյուր հայի համար ապտակ է այդ ցուցատախտակը»,- ասաց նա։
Մարիան Խաչատրյանն առաջարկեց Երևանում տեղադրել նաև Քիմ Քարդաշյանին նվիրված ցուցատախտակ։ «Ներառեք նաև Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը, նա նույնապես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար: Կարծում եմ` Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվն անհամեմատելի է»,- ասաց նա։
Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ նիստերի, ՀՀԿ-ականները, անգամ` Տարոն Մարգարյանը, չարձագանքեցին «Երկիր ծիրանի»-ի կանանց: Նիստն անցնում է հանգիստ, առանց փոխադարձ վիրավորանքների: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը ներկա չէ: