կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-26 18:16
Քաղաքական

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման առաջարկություններին

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման առաջարկություններին

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։

Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երևանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան Պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Պակտը կարտացոլի Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։

Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին: