Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում են 2018 թվականի բյուջեի քննարկումները: Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ բյուջեի նախագիծը ներկայացնողներն ասել են, թե բյուջեն հավասարակշռված է, բայց ինքը չի կիսում այդ կարծիքը:
«Բյուջեն չպետք է լինի իրականությունից կտրված փաստաթուղթ: Մենք ազգային անվտանգության ռազմավարություն ենք ընդունել, որտեղ նշվել է, որ դրա հիմքում բարեկեցությունն է: Ուրեմն պետությունը պետք է ապահովի գիտակրթական գործունեության առաջընթացը, մարդկանց սոցիալական պաշտպանությունը, իսկ ներկայացված բյուջեի նախագիծը չի արտացոլում այս ամենը»,- ընդգծեց պատգամավորը:
Բացի այդ, նրա խոսքով, բյուջեն կրճատել է սոցիալական պաշտպանության ծախսերը: «ՀՀ–ն սոցիալական պետություն է, և պետությունը պարտավոր է աշխատունակ քաղաքացիներին ապահովել աշխատանքով, իսկ անաշխատունակներին` լրացուցիչ նյութական միջոցներով: Այսօր բյուջեն զերծ է մնացել նման ծախսերից»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դատական համակարգի որակի բարելավման մասով ևս բյուջեն ոչինչ չի խոստանում: Նա նշեց, որ մենք հաճախ, երբ քննարկում ենք ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, ասում ենք` ինչո՞ւ «կամ, կամ», այլ ոչ թե «և, և»: Պետրոսյանն ինքն էլ նույն հարցը ուզում է հիմա բարձրացնել: «Մենք ասում ենք` բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, բյուջեի հեղինակներն ասում են` ձեռնպահ ենք մնացել սոցիալական ուղղվածությունից և դրել ենք ներդրումների վրա, իսկ ինչո՞ւ այս դեպքում էլ ոչ` «և, և»»,- հարցրեց նա:
Նա պետությունը նմանեցրեց ընտանիքի: «Նույնն է, երբ ընտանիքի հայրը հայտարարի, որ մյուս տարի վերանորոգելու են բնակարանը, և այդ պատճառով ընտանիքի անդամները պետք է զսպեն իրենց ախորժակը, պետք է չդիմեն բժշկի և այլն: Եթե մենք ասում ենք` մեր ազգային անվտանգության գլխավոր խնդիրը ժողովրդի բարեկեցությունն է, ապա ինչպե՞ս կարելի է առանց բարեկեցության հույս ունենալ մարտունակ լինել աշխարհում»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով` ՀՀ արտաքին անվտանգությունը կախված է ներքին անվտանգությունից, իսկ եթե բյուջեն չի արտացոլում բարեկեցություն, չի կարող լինել արտաքին անվտանգություն: «Շարունակ խոսում ենք կրճատումների մասին: Մենք շուրջ 20 հազար մարդու գործից ազատում ենք, դատապարտում սովի և ասում` սոցիալական պետությո՞ւն ենք ու տնտեսական ա՞ճ ենք ապահովում»,- նշեց Պետրոսյանը:
Եզրափակելով խոսքը` պատգամավորը պնդեց, որ այս բյուջեն հակասահմանադրական է և չպետք է ընդունել: