Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացել բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայի, Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ուսումնական կենտրոնի և լսարանների պայմաններին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև համակարգի ներդրումից հետո ակնկալվող հիմնական արդյունքները:
Նշվել է, որ լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը: Պատասխանատուների հավաստմամբ, ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվի կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների՝ 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելությունից հետո Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:
Սերժ Սարգսյանն այնուհետև «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական:
Միջոցառմանը մասնակցել են նաև «Տաշիր»-ի գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև: