Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են և' Փաշինյանի, և' Գեղամյանի հետ:
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շարմազանովը հայտարարեց, թե օրենսդրական նախաձեռնության համար են հանդիպել, այլ ոչ թե միջադեպի, ինչը հարուցեց Վահրամ Բաղդասարյանի ծիծաղը: Իսկ ահա Գեղամյանի հետ հանդիպումից հետո Շարմազանովը չհերքեց, որ միջադեպի մասին են խոսել:
Նախ` Վահրամ Բաղդասարյանի սենյակից դուրս եկավ Գեղամյանը: Նա նշեց, որ հանդիպման նպատակը և քննարկման առարկան միջադեպի հետ կապված չեն եղել: «Նոյեմբերի 1-ից 3-ը անցկացվելու է Ռուսաստանի Դաշնային ժողովի և մեր Ազգային ժողովի համատեղ հանձնաժողովի հոբելյանական 30-րդ տարելիցի նիստ: Դրա հետ կապված բազում հարցադրումներ կան` քննարկելու, ինչն էլ արվեց»,- նշեց նա: Գեղամյանը շտապեց նաև հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանձնաժողովի անդամ չէ:
Դիտարկմանը` նրա հետ էլ է քննարկում եղել, Գեղամյանն արձագանքեց. «Ընդունենք` միջադեպ է եղել: Այդ մարդու հետ 4 տարի աշխատել ենք, ինչի՞ եք բորբոքում»: Ապա ևս մեկ անգամ կրկնեց, որ եթե որևէ մեկի վրա բռունցքներով հարձակում գործեր, ապա նա հիվանդանոցում կհայտնվեր: «Ուրիշ բան` կարդացել եմ, ցավով եմ ասում, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել, ցավում եմ դրա համար: Նման բան չի եղել, բայց, որպես հումոր, իմ դուրը շատ է եկել»,- ասաց Գեղամյանը:
Հարցին` Նապոլեոն Ազիզյանը նրանց չի՞ բաժանել, ասաց, որ բաժանելու խնդիր չուներ, որովհետև գրկախառնություններ չեն եղել:
Yerkir.am-ի դիտարկմանը` Փաշինյանը ստո՞ւմ է, արձագանքեց. «Բացարձակապես ես չգիտեմ` ինչ է ասել պարոն Փաշինյանը, որ հերքեմ կամ հաստատեմ»: Գեղամյանը նշեց, որ հարաբերությունների նման դրսևորումները մարդ կա` միջադեպ է համարում, մարդ կա` ոչ: «Ես համարում եմ, որ ԱԺ ամբիոնից պետք է միայն ու միայն խոսել խնդրո առարկայի վերաբերյալ և երբեք չանդրադառնալ այս կամ այն անձին, այն էլ` նմանակել տգեղ դրսևորումների միջոցով»,- հայտարարեց նա:
Հարցին` կարող է հստակեցնել` ի՞նչ միջադեպ է եղել, նա արձագանքեց. «Ես իմ դժգոհությունն եմ արտահայտել այն մոտեցումներին, որ դրսևորվել է վերջին օրերին ԱԺ-ում»: Գեղամյանը հավելեց, որ բացատրական աշխատանքներ է տարել և կարծում է` Փաշինյանն ընդունել է իր բացատրական աշխատանքները: «Լրջագույն հարցերի մասին կարող էիք ինձ հետ խոսել, բայց 2,5 ժամ է այս թեմայից եք խոսում»,- շարունակեց նա:
Հարցին` պատգամավորի նման վարքագիծը լրջագույն հարց չէ՞, և ականատեսներ կան, որ նման բան եղել է, Գեղամյանը հակադարձեց. «Ականատեսներն ովքե՞ր են: Լրագրողը դիտմամբ սկանդալ է ուզում ստեղծել չեղած տեղից»:
Yerkir.am-ի հարցին` Փաշինյանն է՞լ է միտումնավոր փորձում սկանդալ սարքել, պատասխանեց. «Ես չգիտեմ` Փաշինյանն ինչ է ասել, ես միայն գիտեմ` ինչ է գրել իր ֆեյսբուքյան էջում, որին արձագանքել եմ` ձեզ բոլորիդ»: