Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության նույն ստորաբաժանման աշխատակից Ասատուր Մարգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով կալանավորը դիմել է փախուստի:
Այսպես, 2017 թվականի հուլիսի 27-ին Ասատուր Մարգարյանը հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ահարոն Անտոնյանը և ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կալանավոր Ռաֆֆի Ավետիքյանը, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ավետիքյանը կանչել է հերթապահող ոստիկան Ասատուր Մարգարյանին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Ա. Մարգարյանը, խախտելով ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, բաց է թողել ՁՊՎ-ի ռեժիմային գոտու` բանալիով կողպվող մետաղյա դուռը, ինչպես նաև ՁՊՎ-ի տարածքում գտնվող մյուս երկու դռները, իսկ նշված տարածքից ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ տանող դռան բանալին թողել է ռեժիմային գոտուց դուրս գտնվող իր սենյակում: Նման պայմաններում` առանց ՁՊՎ պետի, հերթապահի կամ նրա օգնականի մասնակցության, բացել է խցի դուռը և կալանավոր Ռ. Ավետիքյանին ուղեկցել սանհանգույց` խցի դուռը թողնելով բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ահարոն Անտոնյանը, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող, առանց հսկողության թողնված ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:
Ոստիկանության աշխատակցի թողտվության հետևանքով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող կալանավորը հայտնվել է ազատության մեջ, վնասվել է արդարադատության շահն ու հեղինակազրկվել պետական մարմինը` ոստիկանությունը, որով էլ էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:
Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկան Ասատուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փախուստի դիմած կալանավոր Ահարոն Անտոնյանը հայտնաբերվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: