կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-13 13:21
Արցախ

Հայտնի է Արցախում նախագահական ընտրությունների օրը

Հայտնի է Արցախում նախագահական ընտրությունների օրը

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ:

Սահմանված կարգով և ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝

 Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից),

 Բակո Սահակի Սահակյանը        («Հայրենիք»,  «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար  Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 1100-ին:

ԱՀ Ազգային ժողով