կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 14:32
Տնտեսական

Հայաստանը և Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հնարավորությունները

Հայաստանը և Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել  է  Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորորած պատվիրակությանը։

Սուրեն Կարայանը ողջունել է գործընկերոջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Կարայանի խոսքով՝ թեև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը աճում է, սակայն  տեմպերը գոհացուցիչ չեն, և կա դեռ չիրացված լուրջ ներուժ: Նախարարն առաջարկել է քննարկել այս և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել  և մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները: Նախարարները հաստատել են, որ երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ ուժեղ կողմեր և մրցակցային առավելություններ, որոնց գրագետ համադրմամբ կարող են արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացվել:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ քաղաքական որևէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ և վրացի  գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

Նախարարներ Կարայանը և Գախարիան քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործունեությունը Հայաստանում և Վրաստանում: Սուրեն Կարայանը գործընկերոջը տեղեկացրել է, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտում սկսվել են շինարարական աշխատաքները և հրավիրել է վրացական բիզնեսին գործունեություն ծավալելու Իրանին սահմանակից ԱՏԳ-ում: Գ. Գախարիան նշել է, որ այս ուղերձը կհասցնեն վրացի գործարարներին:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։ Քննարկվել են երկկողմ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը, որը կմշակվի ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն