Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա:
Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.-ին:
Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Խոշտանգման փաստով մյուս դեպքը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 10.06.2017թ.-ին` դատարանում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: