կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 13:00
Հասարակություն

Արցախում վիրավորված երկու զինծառայողներին տեղափոխեցին Երևան

Արցախում վիրավորված երկու զինծառայողներին տեղափոխեցին Երևան

Yerkir.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան են տեղափոխել երեկ Արցախում հակառակորդի կողմից վիրավորված երկու զինծառայողների:

Մեր տեղեկություններով` նրանց այս պահին տեղափոխում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Ոչ պաշտոնական աղբյուրի համաձայն` հակառակորդի իրականացրած հիշյալ գործողությունների արդյունքում երկու զինծառայող վիրավորում է ստացել:

Այսօր առավոտյան էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Արցախի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք: