Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրների հարկային և մաքսային համակարգերի միասնականացման և ներդաշնակեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Դավիթ Անանյանը նշել է, որմիասնականացման քաղաքականության իրագործման դեպքում այս կամ այն կառույցին անդամակցող երկրները փորձում են ձևավորել միասնական օրենսդրություն: Հարկային համակարգերի միասնականացման օրինակ է ԵՄ անդամ պետությունների կողմից Եվրամիության ԱԱՀ-ի դիրեկտիվի կիրառումը՝ որպես մեկ ընդհանուր իրավական հիմք։
«ԵԱՏՄ-ի մասով միասնականացման օրինակ է մաքսային օրենսգիրքը, որն արդեն ընդունվել է և գործողության մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Ներդաշնակեցման քաղաքականության պարագայում անդամ երկրները հարկային օրենսդրությունների առումով պահպանում են իրենց անկախությունը (սուվերենությունը), սակայն այս կամ այն հարկատեսակի դրույքաչափերի, հարկման գործընթացների և վարչարարության հետ կապված ձեռք են բերում որոշակի փոխհամաձայնություններ, այսինքն՝ համագործակից երկրների հետ փորձում են կառուցել համագործակցային փոխհարաբերություններ։ Ներդաշնակեցման օրինակ են ծխախոտի և ալկոհոլային արտադրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի վերաբերյալ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք բերված փոխհամաձայնությունները, որոնց համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵԱՏՄ անդամ երկրները 2022թ․ պետք է այնպես փոխեն իրենց ներքին օրենսդրությունները, որպեսզի նշված արտադրանքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը թույլատրելի շեղումներով համեմատելի լինեն սահմանված իդենտիֆիկացիոն դրույքների հետ», - նշել է ֆինանսների նախարարի տեղակալը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանն իր հերթին նկատել է, որ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների հիմնական նպատակը անդամ երկրների միջև կապիտալի, աշխատուժի և ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է: Ըստ Դավթյանի՝ եթե այս առումով ԵՏՀ-ն հանդիպում է որոշակի խոչընդոտների, ապա իրավասու է իր միջամտությամբ անդամ երկրների հետ անհրաժեշտ երկխոսության միջոցով ապահովել, որ անձինք բիզնես գործունեություն և, ընդհանրապես, տեղաշարժեր իրականացնելիս չբախվեն խոչընդոտների: Տիգրան Դավթյանը միաժամանակ նաև նշել է, որ իրենց նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային և մաքսային վարչարարություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը։
«Կարևոր խնդիր է նաև մեկ պատուհանի գործընթացի ներմուծումը: Դրա վերջնական նպատակն այն է, որ մաքսային սահմանները հատելու ժամանակ մարդիկ անցնեն մեկ պատուհանի սկզբունքով: Տնտեսավարող սուբյեկտը, երբ գա մաքսային սահման, նրա տվյալները վաղուց այնտեղ լինեն: Այս պարագայում սահմանը հատելը կտևի րոպեներ», - նշեց Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ 2018-19 թվականներին արդեն հնարավոր կլինի ավարտել բոլոր գործընթացների թվայնացման աշխատանքները:
Բանախոսները անդրադարձան նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև միասնական արժույթ ստեղծելու վերաբերյալ հանրության մեջ տարածված լուրերին՝ ընդգծելով, որ այսպիսի աշխատանքներ չեն տարվել ու չեն էլ տարվում, այդ հարցը չի դիտարկվելու նաև մոտ ապագայում, քանի որ այն ուղղակիորեն կապված է երկրի ինքնիշխանության հետ։