կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 16:36
Իրավական

Ինքնասպան եղած կնոջ վերաբերյալ քննվող երկու քրգործերը միացվել են

Ինքնասպան եղած կնոջ վերաբերյալ քննվող երկու քրգործերը միացվել են

ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը միացվել է Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Նկատի ունենալով, որ Վ. Սարոյանը դեռևս 2016թ. սեպտեմբերին հաղորդում էր ներկայացրել խարդախությամբ իր գույքը հափշտակելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով Վ. Սարոյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017թ. մարտի 22-ին միացվել է նրանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 7-ին 1976թ. ծնված Վ.Սարոյանը ցած էր նետվել Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկի աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից և տեղում մահացել: Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել էր կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին:

Սարոյանն ինքնասպանությունից շաբաթներ առաջ դիմել էր Yerkir.am-ին և պատմել իր ունեզրկման մասին:

ՔԿ-ից մեզ տեղեկացրին, որ Վ. Սարոյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

«Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում` հարցաքննություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն, քննության շահերից ելնելով, քննչական գործողությունների և դրանց արդյունքների մասին այլ տեղեկություններ այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- ասված է ՔԿ պատասխանում:

Նշենք, որ Սիմոնյանի վերաբերյալ գործում շոշափվում են մի շարք հայտնի մարդկանց անուններ: Դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահին ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Կնոջ նամակում հիշատակվում է նաև քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի, և Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի մասին: