կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 21:18
Հասարակություն

Բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի

Բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:  Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել: «Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանք ևս կա՝ 25 արկղ, շուրջ 270 լիտր օղի»,-տեղեկացրել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Անհրաժեշտ է նշել, որ ալկոհոլային խմիչքները պարտադիր ենթակա են ՀՀ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման, մինչդեռ չհայտարարագրված օղիների վրա ոչ միայն բացակայում էին ՀՀ դրոշմանիշերն, այլև  դրանց գերակշիռ մասը ներկրվել էր առանց ՌԴ ակցիզային դրոշմանիշերի: Դեպքի առթիվ, Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն, կազմվել է համապատասխան արձանագրություն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու վերաբերյալ:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ տեխնիկական վերազինման արդյունքում հետևողական հսկողություն է  իրականացվում. «Ռենտգենյան զննման ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  և բացահայտել մաքսանենգության ցանկացած փորձ»: 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին