կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 19:54
Իրավական

Հայաստանում ապաստան ստացած Միրզոևը ՄԻՊ-ին պատմել է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն տարածելու ակտիվ քաղաքականության մասին

Հայաստանում ապաստան ստացած Միրզոևը ՄԻՊ-ին պատմել է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն տարածելու ակտիվ քաղաքականության մասին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Շահին Միրզոևը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ինչպես ինքը, այնպես էլ իր ընտանիքի անդամները ենթարկվել են անմարդակային հետապնդումների ու դաժան վերաբերմունքի թալիշների ազգային մշակույթին ու ինքնությանը վերաբերող հարցեր բարձրացնելու համար: Շատ թալիշներ նույնիսկ վախենում են նշել իրենց ազգային պատկանելիության մասին: Ըստ Շ.Միրզոևի՝ իր նկատմամբ հետապնդումները եղել են հատկապես խիստ, քանի որ փորձել է պայքար տանել իր լրագրողական գործունեության միջոցով:

Շ.Միրզոևը պնդել է, որ այդ նույն քաղաքականությունն համատարած իրականացվում է Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Հատուկ օրենքով նույնիսկ հաստատված է մարդկանց արգելված անունների ցանկ, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշական անուններ:


Ըստ Շ.Միրզոևի՝ Ադրբեջանում պետական բարձր մակարդակով իրականացվում է ադրբեջանական հասարակությունում հայերի նկատմամբ ատելություն տարածելու ակտիվ ու կազմակերպված քաղաքականություն: Ընդ որում, դա արվում է դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած, որով դաստիարակվում են երեխաները:

Միայն հայ լինելը բավարար է հետապնդման ու վրեժխնդրության թիրախ դառնալու համար: Այնուհետև, Շ. Միրզոևը կոնկրետ օրինակներով ներկայացրել է, որ հայատյացության քարոզի արդյունքում ադրբեջանցիները միմյանց հայ կոչելու միջոցով զրպարտումներ ու հետապնդումներ են իրականացնում իրար նկատմամբ, բնռնությունների ենթարկում իրար՝ դա համարելով ամենավատ վիրավորանք:  

Ըստ նրա՝ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական մակարդակով խրախուսվում էին հայերի նկատմամբ դաժանություններ կատարած՝ ադրբեջանական բանակի զինվորները՝ անկախ նրանից՝ դա տեղի էր ունեցել տարեցների, կանանց, թե երեխաների նկատմամբ: Այդ առումով, ադրբեջանական հասարակությունում իրականացվում է ապատեղեկատվություն պետական վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցերի կողմից:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը Շահին Միրզոևին պարզաբանել է ՀՀ օրենսդրության կարգավորումներ, նրան տվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն, ինչպես նաև հայտնել աջակցության պատրաստակամություն Շ.Միրզոևեի բարձրացրած մի շարք հարցերի վերաբերյալ: