կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 19:02
Տնտեսական

Հայաստանը և Իրանը կընդլայնեն համագործակցությունը ապահովագրության ոլորտում

Հայաստանը և Իրանը կընդլայնեն համագործակցությունը ապահովագրության ոլորտում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: 

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։ 

Պատվիրակության կազմում էին նաև իրանական երեք խոշոր ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրեններ։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը և հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։


Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նշել է, որ երկու երկրների բարձր մակարդակում գտնվող քաղաքական և տնտեսական կապերը լավ հիմք են զարգացնելու համագործակցությունը ապահովագրության ոլորտում։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը հյուրերին տեղեկացրել է, որ 2015 թվականին գործակալության և Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Վազգեն Աբգարյանն առաջարկել է խորացնել համագործակցությունը վերաապահովագրության ոլորտում՝ ուղենշելով դեպի Իրան արտահանման վարկի վերաապահովագրության գործարքներների հնարավորությունը։ 

Իրանական կողմն իր հերթին առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։

Իրանի Իսլամական  Հանրապետությունում գործող «Իրան» ապահովագրական ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և համագործակցության համար և նշել, որ իրանական ընկերություններն իրենց մեծ պատրաստակամությունն են հայտնում բազմաոլորտ համագործակցության համար։ Իրանական կողմի խոսքով՝ կա, օրինակ, զբոսաշրջության ոլորտի ապահովագրության մեծ ներուժ ՝ պայմանավորված երկու երկրներ մուտքի դյուրացմամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հստակ նախագիծ մշակել և կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։