կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 12:21
Հասարակություն

Այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 27 տարեկան:

Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր։ Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի, հիշեք` ձեր միակ փրկությունը նռնակի մեջ է»:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը` խոցելով մեկ տանկ և հակառակորդի մոտ մեկ տասնյակ զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու համար իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։