կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-12-15 13:57
Հասարակություն

Լարսում կուտակումներն ավելի շատ Ռուսաստանի կողմից են` շուրջ 700 մեքենա. նախարար

Լարսում կուտակումներն ավելի շատ Ռուսաստանի կողմից են` շուրջ 700 մեքենա. նախարար

Այսօր` կառավարության նիստից հետո, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց Վերին Լարսում ստեղծված իրավիճակը: Նա երեկ  է եկել Վերին Լարսից: Նախարարը նշեց, որ անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար:

«Մենք մեր աչքով տեսանք, թե ինչ առատ ձյուն էր տեղում: Մեր վրացի գործընկերները կենտրոնացրել էին ձյուն մաքրող տեխնիկայի միջոցները, որ լուծում տան այդ խնդրին: Եթե ձյունը գոնե մի քիչ թուլանա, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կարող է բացվել»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` կուտակված մեքենաները շատ են, ՌԴ-ի կողմից Լարսում կանգնած է 700 մեքենա, դրանցից 400-ը հայաստանյան մեքենաներ են, հիմնականում` բեռնատար:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ խոսել է վարորդներից մի քանիսի հետ, նրանք ունեն թե' դժգոհություններ` որոշ հարցերի հետ կապված, թե' գոհունակություն պետական կառույցներից, բնակիչներից, տրանսպորտային կազմակերպություններից:

Իսկ թե պետությունն ի՞նչ լուծումներ է տեսնում, նախարարը նշեց, որ քննարկումներ են ընթանում` լաստանավերով ու օդանավերով մեքենաները տեղափոխելու հետ կապված, արդյունքները շուտով պարզ կլինեն: Խնդիը, ըստ նրա,  կապված է գների հետ, վարորդները չեն կարող այդքան գումար տալ, գերադասում են սպասել` մինչև Լարսը բացվի: