Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մեկնարկել է Թալիշի վերականգնման ծրագիրը, և այդ ուղղությամբ բուռն գործունեություն կծավալի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ընդգծել, որ այդ որոշումը կայացվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով թալիշցիների կարծիքը:
«Ալաշանում հաստատված թալիշցիների հետ հանդիպումների ժամանակ հանրապետության իշխանությունների կողմից առաջարկ է եղել, որ նրանք վերադառնան իրենց գյուղ: Այս առումով տրվել են որոշակի անվտանգության երաշխիքներ, և արդեն 10-12 հոգի տեղափոխվել են հարազատ գյուղ ու բնակվում են այնտեղ»,- ասել է Կ. Շահրամանյանը:
Անդրադառնալով գյուղում արդեն կատարված աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ Թալիշում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները: «Խոսքը վերաբերում է էլեկտրականությանը, ջրամատակարարմանը, գիշերային լուսավորությանը: Սկսել ենք գյուղի նոր դպրոցի և հանդիսություների տան վերակառուցման և մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքները: Շինարարների համար ստեղծվելու են բոլոր պայմանները, որպեսզի մեծ թափով շարունակվեն վերակառուցման աշխատանքները:
Նախատեսում ենք, դպրոցն և մանկապարտեզը շահագործման հանձնել սեպտեմբերի մեկից: Թալիշ վերադարձողների համար կկառուցենք նոր բնակելի տներ կամ հիմնովին կվերակառուցվեն հները»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը և հավելել, որ գյուղին նոր շունչ կհաղորդվի:
Արդյո՞ք ապահով է Թալիշում բնակություն հաստատելը հարցին ի պատասխան, ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ասել է, որ Մատաղիս գյուղն ու Մարտակերտ քաղաքն էլ նույն կարգավիճակում են գտնվում, սահմանից նույն հեռավորության վրա են, բայց մարդիկ այնտեղ ապրում են: «Այն շինությունները, որոնք կառուցում ու վերակառուցում ենք, գտնվում են գյուղի համեմատաբար անվտանգ ու ապահով գոտում: Իսկ անվտանգ ապրելու համար մենք այլ միջոցներ էլ ենք ձեռնարկում»,- ասել է քաղաքաշինության նախարարը:
Կ. Շահրամանյանի խոսքով, Թալիշի վերականգնմանը զուգահեռ՝ Ալաշանում կշարունակվի ժամանակավոր բնակավայրին հատուկ պայմանների ստեղծումը, սակայն հիմնական ներդրումներն ուղղվելու են Թալիշին: