Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան վերջին պահին չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի (ԵԽ) պատվիրակության` նոյեմբերի 17-ին Թուրքիա կատարելիք այցը:
Ըստ Demokrathaber լրատվական կայքի՝ Անկարան չեղարկել է այցը՝ պատվիրակության կազմում ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի լինելու պատճառով:
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ վերոնշյալ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի և ԵԽ նախագահ Մարտին Շուլցի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ: ԵԽ-ն որոշում էր կայացրել Անկարա ուղարկել ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, գերմանացի խորհրդարանական Էլմար Բրոքին և Թուրքիայի հարցրով զեկուցող, հոլանդացի խորհրդարանական Քեթի Փիրիին:
Բարձրաստիճան այս այցի ընթացքում նախատեսվում էր, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենար թուրք ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն թուրքական կողմը կտրականապես դեմ էր արտահայտվել վերջին ժամանակներս Թուրքիայի հասցեին սուր քննադատություններ հնչեցրած Քեթի Փիրիի՝ Թուրքիա ժամանելուն:
Այցի չեղարկման վերաբերյալ գրավոր հայտարարություն է արել նաև ԵԽ նախագահ Մարտին Շուլցը: Նա նշել է, որ թուրք պաշտոնյաների հետ չի հաջողվել հանդիպման ձևաչափի անցկացման վերաբերյալ համաձայնության հասնել, ուստի այցը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Քեթի Փիրին վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խոր մտահոգություն են հարուցում: Նա ընդգծել էր, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կառավարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի և մամուլի նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում, և երկիրը հետզհետե վերածվում է ավտորիտար պետության:
Իսկ օրերս Փիրին, պատասխանելով Եվրախորհրդարանում Թուրքիայի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը, ասել էր. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»: