կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 15:30
Քաղաքական

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկեցին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկեցին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները

Նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով իտալացի գործընկերոջ այցը Հայաստան՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Նա կարևորեց Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ այցի ընթացքում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։

Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, Իտալիայի արտգործնախարարը շեշտեց, որ Իտալիան շահարգրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

Էդվարդ Նալբանդյանն ու Պաոլո Ջենտիլոնին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, անդրադարձան մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկեցին միջխորհրդարանական շփումներին, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:

Նախարար Նալբանդյանը կարևորեց մշակույթի ոլորտում հաստատված հայ-իտալական սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում շեշտվեց Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին ստորագրվելիք համատեղ հայտարարությունը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Իտալիայի կառավարության աջակցությունն այս ոլորտում:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին պաշտպանական ոլորտում համագործակցությամբ` այս համատեքստում արժևորելով իտալական զորախմբի հետ համատեղ ծառայություն իրականացնող հայ խաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում։

Նախարարները քննարկեցին նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

Հանդիպման օրակարգային հարցերի թվում էր նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը, ապա հանդես եկավ համատեղ մամլո ասուլիսով։