Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է ագրարային ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացումը` բարձր գնահատելով դեսպան Ռիչուլլիի ներդրած ջանքերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում:
«Իտալիան և Հայաստանն ունեն սոցիալ-մշակութային բազմաթիվ ընդհանրություններ, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ, ինչն ամուր հիմք է գործակցությունը զարգացնելու, երկու երկրների միջև բիզնես կապերի աշխուժացման և նոր ներդրումային նախաձեռնությունների իրականացման համար»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին դեսպան Ռիչուլլին կարևորել է Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման համար առավել ակտիվ քայլերի ձեռնարկումը և հավելել, որ կներդնի առավելագույն ջանքեր, որպեսզի Հայաստանը տեսանելի դառնա իտալական ներդրողների համար, քանի որ նրանք հետաքրքված են, սակայն բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին:
Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ բիզնես միջավայրի խթանման նպատակով այժմ մշակվում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-նախագծեր, որոնք կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում, և բոլոր շահագրգիռ գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ և շահավետ ներդրումներ իրականացնել:
Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է քննարկել Վայոց ձորի մարզում փոքր գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ գինեգործական արտադրամասի հիմնման հնարավորությունը` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր քայլերը ձեռնարկել նման ծրագրերին աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կոոպերատիվների գործունեությանն առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: